(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան անձանց մասնակցությամբ  Գեղարքունիքի մարզում բացվեց Մարտունու նորակառույց, ժամանակակից սարքավորումներով հագեցած բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։
Կենտրոնում առկա է վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
79 մահճակալով ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկի 88 հազարից ավելի բնակչության` տրամադրելով որակյալ բուժօգնություն։
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպել են համակարգի զարգացման ուղեծիրը և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։
«‎Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»‎,-նշեց նախարարը։
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ.ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։