(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]

Ավարտվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական (յոթհարկանի) մասնաշենքի հիմնանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (եռահարկ) մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Արդիականացման ընթացքում կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով ներդրվել են ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական համակարգեր, տեղադրվել են ավտոմատ օդափոխության, սառեցման և ջեռուցման, ինչպես նաև բժշկական գազերի կենսաապահովման, հեռահաղորդակցության ցանցերի, հակահրդեհային ազդարարման և ահազանգման, քույրական ազդականչերի և տեսահսկման համակարգեր: Յոթհարկանի մասնաշենքի սեյսմազինվածության բարձրացման նպատակով կիրառվել են նորարարական տեխնոլոգիաներ՝ շենքի հիմնային մասում տեղադրվել են թվով 117 ռետինե-մետաղական սեյսմամեկուսիչներ, որոնց միջոցով ապահովվել է շենքի 9 բալ սեյսմակայունությունը: Արյունաբանական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի յոթերորդ հարկում տեղակայված է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը, իսկ նոր կառուցված եռահարկ մասնաշենքի երրորդ հարկում՝ տարածաշրջանում եզակի միջազգային ISO և JACIE չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների լաբորատորիան: Արյունաբանական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակն բարելավելու, ինչպես նաև մատուցվող ծառայություններն առավել ամբողջական ու անվտանգ դարձնելու նպատակով, կենտրոնն ամբողջովին վերազինվել է արդի, այդ թվում Հայաստամում եզակի մի շարք սարքավորումներով (արյան բաղադրամասերի ճառագայթման սարքավորում, թվային համակարգչային շերտագիր, ուլտրաձայնային սարքավորումներ համալրված հատուկ ծրագրային փաթեթով և փորձանմուշ վերձնելու հնարավորությամբ, ռեալ ժամանակի ՊՇՌ վերլուծիչ, հոսքային ցիցոտետր, ավտոմատ մանրէաբանական վերլուծիչ, պերիֆերիկ արյունից ցողունային բջիջների և արյան բաղադրամասերի հավաքագրման սարքավորումներ, ջրի մաքրման կայան, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշման ավտոմատ վերլուծիչ, էլեկտրաֆորեզի ավտոմատ սարք իմմունոֆիկսացիայիով, հեմոստազի էքստրակորպորալ շտկման սարք, նչպես նաև CO2 ինկուբատոր և այլն): Էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունը հագեցվել է գերժամանակակից էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված համալիրով, անզգայացման սարքավորումներով, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններով, ԼԵԴ տիպի վիրահատական լույսերով և այլ:
Հայաստանում ՈՓԲ ստեղծելու ծրագիրն առավել ամբողջական ու ավարտուն դարձնելու, ինչպես նաև գործունեության արդյունավետ մեկնարկն ապահովելու նպատակով Արյունաբանական կենտրոնի 6 բժիշկ-մասնագետների համար կազմակերպվել են շուրջ 1 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացներ Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում փոխպատվաստման, ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման թեմաների վերաբերյալ:
Կենտրոնը շահագործման է հանձնվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Առաջին փոխպատվաստումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 10-ին: