Վայոց ձորի Շատին համայնքում տեղի ունեցավ <<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի բացման արարողությունը: Նորակառույց ամբուլատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և ՀՀ առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանը: Նախարարը և մարզպետը շրջեցին նորակառույց ամբուլատորիայում, ծանոթացան աշխատանքային պայմաններին և զրուցեցին բուժանձնակազմի հետ: Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ կառուցված ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը՝ նշելով, որ մարզի առողջապահական համակարգի զարգացման հարցը գնտվում է ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում: Իր խոսքում նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց այն փաստը, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության առողջությունը պահպանելու և մարզերում համաչափ զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչ շնորհիվ հնարավոր կլինի առողջապահական խնդիրներին ժամանակակից ձևով լուծում տալ: Տեղեկացնենք, որ ամբուլատորիան կառուցվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Վայոց ձորի Շատին համայնքի առողջապահական ամբուլտորիայի նախկին շենքը կառուցվել է 1958 թվականին: Հաշվի առնելով այն փաստը, որ շենքը սեյսմակայուն չէր և վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէին, որոշում կայացվեց կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականի հուլիսի 13-ին: Հավելենք, որ գյուղական ամբուլատորիան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնքների 6109 բնակիչների: