ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Վայոց ձոր կատարած աշխատանքային այցը տեղի բնակչության և հատկապես բուժաշխատողների համար նշանավորվել է ուրախալի լուրով: Նախարարը տեղեկացրել է, որ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի, շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները:

Այնուհետև Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին:

«Առողջապահության ոլորտում 2017 թվականին իրականացված ծրագրերը հանրապետության նախագահին ներկայացնելիս կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Նպատակն անկաշկանդ մթնոլորտում Ձեզ հետ առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման մեր տեսլականի քննարկումն է, ինչպես նաև մեր կարևոր ծրագրերին ծանոթացնելը, որպեսզի դուք դառնաք կատարողներից մեկը, և դրանք հասցնեք բնակչությանը» — ասել է նախարարը:

Ծանոթացնելով նախարարության գերակա ծրագրերին` Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման կարևորությանը, դրանց շնորհիվ երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա մշակված և տեղայնացված փաստաթղթերով աշխատելու հնարավորությանը:

Մարզի բժիշկները շնորհակալություն են հայտնել նախարարին համակարգում իրականացվող զարգացման ծրագրերի, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի ներդրման համար, որն, ի թիվս բազմաթիվ հնարավորությունների, առաջիկայում զգալիորեն կնվազեցնի բուժաշխատողների կողմից փաստաթղթերի վարումը:

Անկեղծ մթնոլորտում քննարկվել են ինչպես մարզային առողջապահության կազմակերպման առկա խնդիրները, այնպես էլ զարգացման հնարավորությունները: Քննարկման առարկա է դարձել բժիշկների և բնակչության կապի ամրապնդումը, ինչը կնպաստի բուժաշխատողի հեղինակության բարձրացմանը և ԱԱՊ օղակի բարելավմանը:

Նախարարը կարևորել է նաև բժշկի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, որոնք կչափվեն մի շարք հստակ ցուցանիշներով, օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում, պատվաստումների մեծ ընդգրկվածություն, առաջնային օղակում բուժման արդյունավետություն և այլն: Այս բոլոր ցուցանիշներով կձևավորվեն առաջնային օղակի բժիշկների բոնուսները, հետևաբար և կմեծանան աշխատավարձները:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակող հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը: