2018 թվականի հոկտեմբերի 20-ին շահագործման է հանձնվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի արդիականացված բժշկական կենտրոնը:
Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Արդիականացված կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով կենտրոնի շենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150մ3 տարողությամբ, տեղադրվել է դիզելային գեներատոր, իրականացվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամա-տակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), մոնտաժվել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Իրականացվել են նաև բժշկական կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխա-տանքները, ներառյալ ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի, ինչպես նաև տարածքն եզրագծող ցանկապատի տեղադրում:

Սևանի նորակառույց բժշկական կենտրոնը՝ 32 մահճակալանոց (ստացիոնար) բազմապրոֆիլ հիվանդանոց է հետևյալ բաժանմունքներով և ծառայություններով. ընդհանուր թերապևտիկ և մանկաբուժական (12 մահճակալ), վիրաբուժական (10 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (10 մահճակալ) բաժանմունքներ, միաժամանակ գործում են ինտենսիվ թերապիայի (12 մահճակալ), ցերեկային ստացիոնարի (3 մահճակալ) ծառայությունները, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահը, կենտրոնական ախտահնումը և այլ օժանդակ ծառայություններ:

Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտրաձայնային հետազոտման սարք, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն:
Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Սևանի տարածաշրջանի շուրջ 40.0 հազ. բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ: