2018 թվականի հոկտեմբերի 28-ին շահագործման է հանձնվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական արդիականացված կենտրոնը:
Վերակառուցված բժշկական կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով կենտրոնի շենքին կից կառուցվել են ջրամբար՝ 150մ3 տարողությամբ, և նոր պոմպակայան, տեղադրվել է բժշկա¬կան երեք նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժվել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Տեղադրվել են ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցանկապատի կառուցում: Արտաշատի բժշկական կենտրոնը 130 մահճակալանոց (ստացիոնար) բազմապրոֆիլ հիվանդանոց է հետևյալ բաժանմունքներով և ծառայություններով. վիրաբուժական (35 մահճակալ), թերապևտիկ (50 մահճակալ), մանկաբուժական (12 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (25 մահճակալ), ինֆեկցիոն (8 մահճակալ), միաժամանակ գործում են ինտենսիվ թերապիայի (12 մահճակալ) ծառայությունը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահնում և այլ օժանդակ ծառայություններ: Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով, տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտ¬րա¬ձայնային հետազոտման սարք երեք տվիչով, ինչպես նաև շարժական ուլտրաձայնային սարք, անզգայացման սարքեր, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատուներ, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ (մեկը՝ վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով), թոքերի արհեստական օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար (CPAP), դեֆիբրիլյատոր սինխրոնիզացիայի հնարավորությամբ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն: Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի 89.8 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում իրենց բնակավայրերի մոտ:
Վերջին մեկնաբանությունները