Մեկնարկել է ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետների վերապատրաստման ծրագիրը՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի UKE համալսարանական կլինիկայում:
Հայաստանում Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման ծրագրի կարևորագույն մասերից մեկն է Արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետների արտերկրյա վերապատրաստումը:
Սույն թվականի մայիսի 31-ին մեկնարկած դասընթացների առաջին փուլը կավարտվի հունիսի 29-ին, որից անմիջապես հետո կսկսվի երկրորդ փուլը: Յուրաքանչյուր փուլում ընդգրկված են 3-ական մասնագետներ:
Դասընթացների առաջին օրը հայաստանյան մասնագետներին ողջունեց UKE համալսարանական կլինիկայի տնօրեն պրոֆեսոր Գյոկեն, որը հույս հայտնեց, որ շուրջ երկու ամիս տևողությամբ կրթական ծրագրի շնորհիվ արյունաբանները ձեռք կբերեն անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ՝ փոխպատվաստման աշխատանքներին արդյունավետ սկիզբ տալու նպատակով: Կենտրոնի տնօրենը պատրաստակամություն հայտնեց նաև շարունակել համագործակցությունը այլ ուղղություններով ևս:
Փոխպատվաստման կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Կրյոգերը ընդգծեց մասնագետների շարունակական վերապատրաստման կարևորությունը, ինչպես նաև հույս հայտնեց, որ հետագայում կրթական ծրագրեր կիրականացվեն նաև բուժքույրերի համար, որոնց աշխատանքից է կախված փոխպատվաստված հիվանդների պատշաճ խնամքը:
ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, ինչպես նաև հետագա համագործակցության պատրաստակամություն համար:
Արյունաբանական կենտրոնի մասնագետների արտերկրյա վերապատրաստումը հանդիսանում է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրներից մեկը: