2015թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցները այցելություններ են կատարել ՀՀ Շիրակի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր և մասնակցել մարզպետարանների հետ համատեղ կազմակերպված ԱԱՊ օղակի բուժհաստատությունների տնօրենների և այլ պատասխանատու անձանց մասնակցությամբ հանդիպումներին: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում նախատեսված զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխագելմանը և վերահսկմանը ուղղված սքրինինգային աշխատանքների իրականացման հիմնական դրույթները, ինչպես նաև քննարկվել և պարզաբանվել են կատարողականի վրա հիմնված ֆինանսավորմանը և գնումների գործընթացներին առնչվող հարցեր: Հանդիպումների բոլոր մասնակիցներին բաշխվել են սքրինինգային ծրագրի հանրային իրազեկման մշակված նյութերը՝ բուկլետներ և պաստառներ, որոնք կտրամադրվեն այդ բուժհաստատությունների կողմից սպասարկվող ազգաբնակչությանը: