Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լոռա Բեյլին և առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանն այցելեցին հանրապետության հարավային սահմանում գտնվող, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը, որը կառուցվել և վերազինվել է ՀՀ կառավարության և ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում:
Այցելության ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաները ծանոթացան իրականացված աշխատանքներին, զրուցեցին կենտրոնի անձնակազմի, հիվանդների և այցելուների հետ:
Կենտրոնի ղեկավարությունը ներկայացներց գործունեության հիմնական ցուցանիշները, արձանագրելով, որ նկատվում է հիվանդների հոսքի աճ գրեթե բոլոր ծառայությունների մասով, որը հիմնականում պայմանավորված է որակապես բարելավված պայմաններով, և որպես հետևանք ազգաբնակչության կողմից բուժհաստատության նկատմամբ վստահության ավելացմամբ:
Մտքերի փոխանակության ընթացքում, ՀԲ ներկայացուցիչներն բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները և իրենց գոհունակությունը հայտնեցին, ինչպես կենտրոնի հագեցվածության մակարդակից, այնպես էլ շինարարական աշխատանքների որակից: Միևնույն ժամանակ, քննարկվեցին առկա հզորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու հնարավոր տարբերակները: