Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կապանի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները և առաջարկվող բժշկական ծառայությունները: Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով:
Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաև օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: 
Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջև կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը:
Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաև ժամանակակից լաբորատոր և այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում: