Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի հետ կայացած հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քննարկել է առաքելության այցի արդյունքները։

Նորանշանակ ղեկավարը նշել է, որ ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի թիմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում արդյունավետ աշխատանք են իրականացրել։ Մարզեր կատարած այցերից տպավորվել են բժշկական ծառայությունների որակի և հասանելիության ապահովման ուղղությամբ նախարարության երկարաժամկետ տեսլականով։ Անդրադառնալով Վայոց ձորում բժշկական նոր կենտրոնի կառուցմանը` նշել է, որ իրենց թիմը նպատակահարմար է գտնում, որ այն լինի Եղեգնաձորում, քանի որ ենթակառուցվածքներով ապահովումն ավելի դյուրին կլինի։

Լևոն Ալթունյանն Ադաննա Ճուկվումային ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները։ Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը, բարձր գնահատելով նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին ևս աջակցելու պատրաստակամության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին վերաբերող և այլ հարցեր։