Արարատի մարզի Մխչյանի և Լանջազատի բժշկական երկու կառույցների պաշտոնական բացումը կատարեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մխչյանի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց օրհնության կարգ՝ ցանկանալով բնակչությանը հոգևոր և մարմնավոր առողջություն, կառույցին՝ հարատևություն։ Այնուհետև հյուրերը շրջեցին կառույցում։ Նրանք դիտեցին բժիշկների, միջամտության, հետազոտման սենյակները, եղան արդիական սարքավորումներով հագեցած էքսպրես լաբորատորիայում, անձնակազմի սենյակներում, մատենավարման բաժնում։ Արմեն Մուրադյանը, շնորհավորելով մարզպետին, Մխչյան համայնքին, համայնքի ղեկավարին, բուժանձնակազմին, ասաց, որ առողջության պահպանման առաջնային օղակը՝ նորակառույց բուժամբուլատորիան, իր ողջ տեխնիկական սարքավորումներով կծառայի հիվանդությունների կանխարգելմանը՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելուց բացի, ընդգծեց, որ կառավարությունը տարբեր ոլորտներում, հատկապես առողջապահության ասպարեզում իրականացվող այս ծրագրերով, մեկ անգամ ևս դրսևորում է բնակչության առողջության նկատմամբ ընդգծված ուշադրություն, ապա մարզի ղեկավարը հիշեցրեց, որ ամենից կարևորը անձնակազմի հոգատարության, ուշադրության, ինչպես նաև մասնագիտական բարձր կարողությունների դրսևորումն է քաղաքացիների նկատմամբ։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Մուրադյանին, Համաշխարհային բանկի, ԾԻԳ-ի ներկայացուցիչներին, շինարարներին գործադրած ջանքերի և կատարված աշխատանքների համար։ Լանջազատ համայնքում նույնպիսի հանդիսավոր արարողությունից հետո, հյուրերը Արտաշատի կենտրոնական հիվանդանոցի վարչական շենքում, տնօրեն Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ, հերթական անգամ քննարկեցին գարնանը Արտաշատի կենտրոնական հիվանդանոցի շինարարական աշխատանքներն սկսելու և, դրանով պայմանավորված, հիվանդներին սպասարկելու հիմնահարցը։