1. /
  2. Առողջապահության ֆինանսավորում և ԱԱՊ...

«Առողջապահության ֆինանսավորում և Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) զարգացում» ծրագիրը մեկնարկվել է 1997թ.-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրվեց «Վարկային» համաձայնագիր: Այս ծրագիրը, որը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության ազգային փորձագետական խմբի և Համաշխարհային բանկի մասնագետների խորհրդատվությամբ, նպատակ ունի առողջապահության համակարգը դարձնել առավել արդյունավետ, գործունակ, մատչելի: Ծրագիրը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից`

  • առողջության առաջնային պահպանման համակարգի հզորացում,
  • առողջապահության ֆինանսավորման համակարգի հզորացում:

Համաշխարհային բանկի աջակցությամբ առողջապահության առաջին ծրագրի շրջանակներում (1998-2003թթ) 81 համայնքներում իրականացվել են միկրո ծրագրեր, ինչը զգալի ներդրում էր ՀՀ գյուղական առողջության առաջնային պահպանման համակարգի բարեփոխմանը և արդիականացմանը: Մասնավորապես, վերանորոգվել կամ նոր կառուցվել են ամբուլատորիաներ, որոնց տրամադրվել են շտապ օգնության մեքենաներ` հագեցված անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով: Մշակվել, հրատարակվել և տարածվել են ընտանեկան բժիշկների ուղեցույցներ (127 ուղեցույց) և ընտանեկան բուժքույրերի ուղեցույցներ (56 ուղեցույց): Առողջապահության ֆինանսավորման գործակալությունը ներդրել է մեկ շնչի հաշվարկի վրա հիմնված ֆինանսավորման համակարգ և ավելի բարձր դրույքաչափեր նոր բարձր որակավորում ունեցող ընտանեկան բժիշկներին` ավելի լայն ԱԱՊ ծառայություններ մատուցելու դիմաց:

ՀՀ առողջապահության ոլորտի բարեփոխումների շարունակականությունը ապահովելու նպատակով՝ 2004թ․-ին մեկնարկել է Առողջապահական համակարգի արդիականացման երկփուլ ծրագիրը (իրականացվել է շուրջ 10 տարվա ընթացքում), որի վերաբերյալ տեղեեկատվությունը ներկայացված է համապատասխան բաժնում։