ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2015 թվականի հունվարից, հանրապետության ողջ տարածքում մեկնարկած «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում, բնակչության ռիսկային խմբերում իրականացվում են զանգվածային սքրինինգներ, որոնք միտված են մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանը: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի համաձայն` բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 1,700 դատապարտյալներն ու կալանավորված անձինք ևս հնարավորություն կունենան անցնելու զարկերակային գերճնշման, արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշման սքրինինգային հետազոտություններ: Իսկ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք կանցնեն նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված հետազոտություններ (ՊԱՊ թեստ): Հատուկ այդ նպատակով վերապատրաստված մասնագետները, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում կայցելեն քրեակատարողական հիմնարկներ՝ նախանշված հետազոտությունները իրականացնելու նպատակով: