Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հանդիպման ժամանակ: 

Վերջինս նախ շեշտել է առաջիկա գործակցությունից իր դրական սպասելիքները և հետաքրքրվել գերատեսչության նոր առաջնահերթություններով՝ ըստ այդմ շարունակելու հետագա քայլերը:

Բանկի աջակցությամբ Հայաստանում կառուցվում, վերանորոգվում և վերազինվում են մի շարք բուժհաստատություններ: Իսկ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սքրինինգային ծրագրեր են իրականացվում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համատեղ ծրագիրը երկարաձգվել է մինչև 2021 թվականը, ուստի կողմերը քննարկել են դրա շրջանակներում հայաստանյան իրավիճակի նոր վերլուծության իրականացման անհրաժեշտությունը: Սիլվի Բոսութղոն փոխանցել է, որ այս նպատակով առաջիկայում փորձագետներ կժամանեն Հայաստան:

ՀԲ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները բարձրացրել են նաև որոշ հարցեր՝ կապված առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգ մուտքագրված տվյալների կրկնությունը բացառելու հետ և հետաքրքրվել դրա ներդրման ընթացքով: Նախարար Թորոսյանը նշել է, որ համակարգի ամբողջական ներդրումը որոշակիորեն հետաձգվում է՝ դրա ընթացքն առավել սահուն ու կազմակերպված ապահովելու նպատակով:

Հյուրերը հետաքրքրվել են սոցիալական փաթեթի ծրագրի շահառուների կողմից բժշկական ծառայությունների օգտագործման 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով, որոնք անհրաժեշտ են ֆինանսավորման ներկա պայմանավորվածության վերլուծության համար` Պետական առողջապահական գործակալության և մասնավոր ապահովագրական ընկերությունների մոդելների խնդիրներն ու բացթողումներն ուսումնասիրելու նպատակով։

Իր հերթին նախարար Թորոսյանը խնդրել է բանկի խորհրդատվական աջակցությունը Հայաստանում ապահովագրական նոր մեխանիզմների ներդրման և ապահովագրվածների թիվն ավելացնելու նպատակին հասնելու առումով: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել գործակցել այս առումով ևս: