Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում»

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2018թ. ստորագրված Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային Ծրագրի (այսուհետ Ծրագիր) շրջանակներում նախատեսվում է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Հետազոտությունները նախատեսվում են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50% ընդգրկվածություն (շուրջ 26 հազար հետազոտություն):

Ծրագրով նախատեսված են նաև շարժական մամոգրաֆի ձեռք բերում, շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն: Մամոգրաֆիայի շարժական սարքը Ծրագրի շրջանակներում տրամադրվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և սարքը հաջորդաբար տեղակայվելու է ՀՀ Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում և անհատույց հիմունքներով օգտագործվելու է ԱԱՊ հաստատությունների կողմից սքրինինգային միջոցառումների անցկացման համար:

ԱԱՊ հաստատությունները իրենց մոտ հավաքագրված համապատասխան տարիքային խմբի կանանց ուղեգրելու են մամոգրաֆիկ հետազոտության, այնուհետ ստացված նկարներն առցանց փոխանցվելու են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ համապատասխան մասնագետների կողմից վերծանման նպատակով: Վերծանումից հետո պատասխանները ներկայացվելու են հետ ԱԱՊ հաստատություններին E-health համակարգ մուտքագրելու համար:

Ծրագրի ընդհանուր իրականացումը կանոնակարգվում է ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. սեպտեմբերի 14-ի թիվ 2363 հրամանով հաստատված ծրագրի գործառնական և ֆինանսավորման ձեռնարկներով: